Հոդվածը պատրաստվել է #16DaysofActivism-ի շրջանակում։
Ընտանեկան բռնության մասին մտածելիս հաճախ մտաբերում ենք միայն ֆիզիկական բռնությունը։ Ընտանեկան բռնությունը, սակայն, լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական, սեռական ու տնտեսական։ Եվ չնայած տնտեսական, այդ թվում՝ ֆինանսական բռնությունը շատ ավելի դժվար է նկատել, այն կարող է նույնչափ վնաս հասցնել մարդուն։
Ի՞նչ է ֆինանսական բռնությունը
Ֆինանսական բռնությունը տնտեսական բռնության մաս է կազմում։ Ինչպես բռնության մյուս բոլոր ձևերի, այնպես էլ ֆինանսական բռնության դեպքում արտահայտվում է մի անհատի՝ մյուսի հանդեպ վերահսկողություն ունենալու ցանկությունը։ Երբ սահմանափակվում է մարդու՝ գումարը ազատ տնօրինելու իրավունքը, վերահսկվում է նրա ֆինանսական գործունեությունը, հաշվի չի առնվում նրա կարծիքը ֆինանսական որոշումներ կայացնելիս, ականատես ենք լինում ֆինանսական բռնության։
Ո՞ւմ հետ կարող է պատահել
Ֆինանսական կամ ցանկացած այլ բռնության զոհ կարող է դառնալ յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից, սեռից, մասնագիտությունից, ապրելավայրից, ազգությունից, կրթությունից, հավատքից, ամուսնական կարգավիճակից, երեխա ունենալու կամ չունենալու հանգամանքից։ Ֆինանսական բռնությունը կարող է տեղի ունենալ տարբեր հարաբերություններում՝ զուգընկերների միջև (անկախ միասին ապրելու կամ չապրելու հանգամանքից), ընտանիքում, բարեկամների շրջանում ու ոչ միայն։
Քննարկենք բռնարար վարքագծերի օրինակներ՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է կանխել ֆինանսական հնարավոր բռնությունը։
Բռնարար վարքագծեր
Ֆինանսական բռնությունը կարող է տարբեր եղանակներով արտահայտվել։ Ուշադիր եղիր, երբ քո զուգընկերը, ընտանիքի անդամը կամ մեկ այլ մարդ քո շրջապատում՝
Ղեկավարում ու շահագործում է քո կամ ձեր ընդհանուր ֆինանսները,
Որոշում է՝ ինչին պետք է ու չպետք է հատկացնես քո գումարը,
Որոշում է՝ ինչքան գումար է քեզ անհրաժեշտ ապրուստի համար,
- Թաքցնում է ձեր ընդհանուր հաշվի կամ քո հաշվի քաղվածքները,
- Զրկում է քո կամ ընդհանուր բանկային հաշիվներին հասանելիությունից,
- Փչացնում է վարկային պատմությունդ՝ խոստանալով կատարել վարկի մարումներ քո անունից ու չպահելով խոստումը,
- Կեղծում է քո ստորագրությունը ֆինանսական փաստաթղթերի տակ,
- Կատարում է կանխիկացում քո բանկային քարտից՝ առանց տեղեկացնելու ու համաձայնություն ստանալու,
- Վաճառում է քեզ պատկանող գույք՝ առանց քեզ հետ համաձայնեցնելու,
- Խաղադրույքի վրա է վատնում ընտանեկան բյուջեն,
- Հոգեբանական ճնշում է գործադրում,
- Ստիպում է մեղավոր զգալ, սպառնում է ու մեկուսացնում՝ իրեն գումար չտալու համար,
- Ստիպում է դառնալ իր վարկի երաշխավորը կամ վարկ վերցնել իր համար,
- Պահանջում է, որ գումարն օգտագործելուց առաջ թույլտվություն խնդրես,
- Պահանջում է հաշվետվություն կատարած յուրաքանչյուր ծախսի համար,
- Ստիպում է աշխատել ընտանեկան բիզնեսում առանց վարձատրության,
- Ստիպում է ստորագրել կասկածելի փաստաթղթեր,
- Ստիպում է հավատալ, որ չես կարող կառավարել ֆինանսներդ ինքնուրույն,
- Ստիպում է կտակի մեջ փոփոխություններ կատարել,
Խախտում է քո՝ աշխատելու ու սովորելու իրավունքը,
Արգելում է աշխատանք փնտրել կամ գնալ աշխատանքի՝ իբրև պատրվակ բերելով երեխաներին կամ այլ հանգամանքներ, ու այսպիսով փորձում դարձնել քեզ իրենից ֆինանսապես կախված,
- Որոշում է՝ որտեղ կարող ես աշխատել և որտեղ՝ ոչ,
- Վստահեցնում է, որ ուսման կարիք չունես, քանի որ ինքը կհոգա քո բոլոր կարիքները։
- Ինչպե՞ս պաշտպանել ինքդ քեզ
- Բռնության ենթարկվելիս հնարավոր է հապշտապ որոշումներ կայացնել, սակայն դա կարող է վտանգավոր լինել։ Անհրաժեշտ է անվտանգության պլան մշակել, հասկանալ կարևոր քայլերը ու իրագործել դրանք նախքան ամեն ինչ հետևում թողնելը։
- Համոզվիր, որ ունես գումար քեզ պատկանող բանկային հաշվում կամ կանխիկ եղանակով։ Վստահ եղիր, որ բռնություն կիրառողը չի կարող դրան հասանելիություն ունենալ։
- Կապվիր բանկի հետ, փոխիր հաշվիդ տվյալները (PIN կոդ, գաղտնաբառ և այլն) ու մի տրամադրիր նոր տվյալներդ ոչ ոքի։ Այսպիսով միայն դու կկարողանաս օգտվել քո հաշվից։
Ստացիր բանկային հաշվիդ քաղվածքները՝ հաշվիդ ելքումուտքերն աչքի անցկացնելու ու կասկածելի գործողությունները նկատելու համար։
Ծանոթացիր ստորագրման ենթակա փաստաթղթերի բովանդակությանը ու մի ստորագրիր կասկած առաջացնող փաստաթղթեր։
- Պահիր կարևոր փաստաթղթերդ (անձնագիր, սոցքարտ, ապահովագրական քարտ, վարորդական իրավունք, վարկին առնչվող փաստաթղթեր, սեփականության վկայականներ և այլն) անվտանգ տեղում։ Ապահովության համար արժե հեռախոսում կամ անձնական համակարգչում պահել փաստաթղթերիդ թվային տարբերակները կամ պարզապես լուսանկարները։ Այս փաստաթղթերը կօգնեն օգտվել պետական ֆինանսական աջակցությունից և ընդունվել աշխատանքի։
- Կապի մեջ եղիր վստահելի ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ։ Անհրաժեշտության դեպքում վստահիր քո գումարը նրան և թույլ տուր, որ օգնի քեզ բնակության նոր վայր գտնելու կամ ֆինանսական հարցերում։
- Օգտվիր ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար նախատեսված ապաստարաններից ու տրամադրվող հոգեբանական օգնությունից։
- —
- Հնարավոր է ի սկզբանե չնկատել այն նշանները, որոնք վկայում են ֆինանսական բռնության մասին։ Բռնություն կիրառողը ոչ միշտ է դրսևորում ագրեսիվ վարքագիծ․ նա կարող է լինել «սիրալիր» ու վստահեցնել, որ անում է ամեն ինչ՝ հանուն քո բարեկեցության։ Կասկածի դեպքում ժամանակին օգնություն խնդրելով ու անվտանգության պլան կազմելով՝ կարելի է հնարավորինս խուսափել անկանխատեսելի ու կյանքի վրա անդառնալի հետք թողնող իրավիճակներից։