«Քո մեղքը չէ, մի՛ լռիր». Մուրալ՝ որպես հույսի և փոփոխության խորհրդանիշ

2024թ․ դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ «Քո մեղքը չէ, մի՛ լռիր» խորագրով գրաֆիտիի բացման արարողություն՝ նվիրված կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելմանը։ Սույն միջոցառումով ամփոփվեց «Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստուտի հանձնառությունը բռնության դեմ պայքարում և բռնություն վերապրածների ձայնը լսելի դարձնելու գործում։

Միջոցառմանը ներկա էին կրթական ոլորտի ներկայացուցիչներ, ոստիկանության ներկայացուցիչներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, ՏԻՄ ներկայացուցիչներ և լրագրողներ։

Հյուրերից կրթական հաստատության ղեկավար Արև Բաղդասարյանը իր խոսքում նշեց,որ ներկայացված մուրալի նկարը հզոր հաղորդագրություն է մեր հասարակությանը։ Այն ոչ միայն արվեստի արտահայտման ձև է, այլև հիշեցում՝ հզորացնել իրենց ձայնը նրանք, ովքեր կանգնած են լռության պատի դեմ, հատկապես կանայք։

Ոստիկանության ներկայացուցիչ Ռուբեն Մուրադյանը շատ կարևորեց հասարակական կազմակերպությունների դերը կանանց նկատմամբ բռնության կանխարգելման հարցում և հատկապես գեղարվեստական միջոցներով պայքարը՝ ինչպիսին է մուրալը։

«Բաց սահմաններ» ՀԿ նախագահ Էլեոնորա Բեգոյանը նշեց, որ «Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտը, լինելով մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված կազմակերպություն, մշտապես ուղղորդում է իր ջանքերը ոչ միայն բռնության հետևանքների հաղթահարման, այլև դրա կանխարգելման ուղղությամբ։

Միջոցառման ընթացքում հատուկ հատված էր նախատեսված, որտեղ հյուրերը լրացրեցին փոքրիկ նամակներ՝ արտահայտելով իրենց դիրքորոշումը կանանց նկատմամբ բռնության դեմ։ Յուրաքանչյուր նամակ յուրահատուկ էր և ներկայացնում էր անձնական մոտեցում՝ լինի որպես մայր, կին, հայր կամ պարզապես անհատ։

Այս միջոցառումը և մուրալի ստեղծումը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ բռնության դեմ պայքարը հնարավոր է, եթե համախմբենք մեր ջանքերը և բարձրացնենք իրազեկությունը։ Արվեստը, որպես փոփոխության շարժիչ ուժ, կարող է հզոր ազդեցություն ունենալ հանրության վրա՝ հուշելով, որ յուրաքանչյուր մարդ ունի պատասխանատվություն ու հնարավորություն նպաստելու ավելի ապահով և հարգալից հասարակության ստեղծմանը։

Թող մուրալը դառնա ոչ միայն անցյալի վկան, այլև ապագայի հույսի խորհրդանիշ՝ հիշեցնելով, որ բռնությունը երբեք չի կարող արդարացված լինել։

Scroll to Top